Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / ԱՄՆ-ն շատ շուտով կհեռանա Սիրիայից. Թրամփ

ԱՄՆ-ն շատ շուտով կհեռանա Սիրիայից. Թրամփ

ap_2134.thumbՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» կհեռանա Սիրիայից: Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Պենտագոնն ընդգծել է Սիրիայում ամերիկյան զորքերի ներկայության անհրաժեշտությունը, գրում է CNN-ը:

«Մենք գրողի ծոցը կուղարկենք «Իսլամական պետությանը» (ԻՊ ահաբեկչական խմբավորում): Շատ շուտով մենք կհեռանանք Սիրիայից: Հիմա էլ թող մյուսները մտածեն նրա մասին: Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր երկիր՝ այնտեղ, որտեղ մեր տեղն է, որտեղ մենք ուզում ենք լինել»,-հայտարարել է Թրամփն Օհայո նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Մինչդեռ ԱՄՆ ռազմական ոլորտի ներկայացուցիչներից մեկը, որը քաջատեղյակ է Սիրիայում ԻՊ-ի դեմ տարվող ռազմարշավի ընթացքին, ընդգծել է, որ չի հասկանում, թե նախագահի ասածն իրականում ինչ է նշանակում:

 Պաշտոնյայի խոսքով՝ այժմ այնպիսի դրություն է, որ ամերիկյան զորքերը Սիրիայից հանելու ժամանակը չէ: Նա հավելել է, որ Սիրիայում ԱՄՆ-ի առաջ դեռևս մի շարք մարտահրավերներ կան՝ այդ թվում նաև երկրի տարածքում մնացած հարյուրավոր իսլամիստները, նախագահ Բաշար ալ Ասադի քաղաքական ապագայի անորոշությունն ու Ռուսաստանի շարունակական ներկայությունը:

Նա ընդգծել է, որ թեև նախագահ Թրամփն ամեն պահի կարող է զորքը դուրս բերելու որոշում կայացնել, սակայն ռազմական հրամանատարներն այս պահին նման բան անելու խորհուրդ չեն տալիս:

CNN-ը հիշեցնում է, որ Թրամփի ելույթից մի քանի ժամ առաջ երկրի ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի մամուլի խոսնակ Դանա Ուայթն ասել էր, որ Սիրիայում ամերիկյան զորքերի համար առաջնահերթությունն իսլամիստ ահաբեկիչների լիակատար ջախջախումն է:

ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթն իր հերթին ասել է, որ Սիրիայից ամերիկյան զորքի դուրս բերման ծրագրի մասին ոչինչ չի լսել:

Աղբյուրը նկատում է, որ նախագահի՝ Սիրիայից հնարավորինս շուտ հեռանալու ձգտումը, հավանաբար, մտավախություններ կառաջացնի ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների շրջանում: