Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / ԱԺ-ում հրավիրվել են լսումներ դեղատոմսերի ձևերի, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ (ուղիղ)

ԱԺ-ում հրավիրվել են լսումներ դեղատոմսերի ձևերի, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ (ուղիղ)

azh2ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ»:

Խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց, որ արդեն տևական ժամանակ է՝ խոսվում է թեմայի մասին և խնդրահարույց հարցի վերաբերյալ իրազեկվածության պահանջ կա:

Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նրա դիտարկմամբ՝ դեղերի մասին նոր օրենքի պահանջը երկրում առկա էր ոչ միայն 6-7 տարի առաջ, այլ ավելի քան 15 տարի առաջ:

Ըստ Խաչատրյանի՝ նախարարությունն ամենաքիչը երկու անգամ փորձ է արել հակաբիոտիկները դեղատոմսով դուրս գրելու կարգն ուժեղացել և հաստատել, սակայն որոշակի քննարկումներից հետո այդ կարգերը հետ են ուղարկվել և չեն հաստատվել: «Ստեղծված իրավիճակում դեղատները դեղատոմսով դուրս գրվող դեղերի ազատ վաճառք էին իրականացնում՝ առանց դեղատոմսերի: Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի իր մտավախություններով, իր համոզմունքներով, հարևանների, որոշ դեպքերում ծանոթ բժիշկների համոզմամբ գնում էր դեղատուն և ասում՝ աջ կողքիս ցավ ունեմ, ի՞նչ կառաջարկեք։ Դեղատան աշխատողը դեղեր էր առաջարկում, և ոչ ոք չէր կարող հասկանալ՝ ինչպես է ազդեցություն թողել տվյալ մարդու օրգանիզմի վրա»,-ասաց նա:

Ըստ Խաչատրյանի՝ իրենց կարծիքը միանշանակ է՝ այսպիսի իրավիճակ դեղերի բնագավառում տեղի ունենալ չի կարող:

«Դեղատոմսով դուրս գրվող դեղերը պետք է դուրս գրվեն դեղատոմսով։ Շատ հաճախ մեր բժիշկները, առանց դեղատոմսի՝ որոշակի բլանկների գրա նշումներ կատարելով, ուղղորդում էին հիվանդներին, այս երևույթի մասին տեղեկացվել ենք տարիներ շարունակ, բայց չունեինք լուծումներ և չէինք կարող վերահսկելի դարձնել այն»,-ասաց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ գործընթացը բաժանված է երեք փուլի՝ նախ հակաբիոտիկների դուրս գրումը միայն դեղատոմսով, ապա՝ լուծույթների, ներերակային դեղերի, ապա՝ ողջ կարգի գործում հոկտեմբերի մեկից։