Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Լրահոս / Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսվարողներն ավելացել են ավելի քան 5 անգամ. ՏՄՊՊՀ

Ցորենի և ալյուրի շուկայում տնտեսվարողներն ավելացել են ավելի քան 5 անգամ. ՏՄՊՊՀ

29.thumbՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը, Հանրապետության Նախագահի հանձնարարականի հիման վրա կատարել և ավարտել է ուսումնասիրությունը՝ ցորենի և ալյուրի շուկաներում: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրությունն այս շուկայի համար աննախադեպ լայնածավալ էր և ընդգրկել է արտադրության, ներկրման և իրացման ողջ շղթան:

Եւ այսպես, արձանագրված արդյունքները փաստում են, որ ցորենի և ալյուրի շուկաներում վերջին տարիներին արձանագրվել են կարևոր փոփոխություններ, ավելացել  է նոր տնտեսվարողների թիվը, ինչի արդյունքում նվազել է ոլորտի կենտրոնացվածության աստիճանը: Մի էական հանգամանք ևս, տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում նվազել են այս շուկայում  խոշոր ընկերությունների մասնաբաժինները և  ուժեղացել է մրցակցությունը:  2017 թվականին մեր երկրում  ցորենի ներմուծման, տեղական արտադրության և իրացման ծավալները կազմել է 468 հազ տոննա: Շուկայում գերիշխող են «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ընկերությունները:

Ինչ վերաբերում է ալյուրին, ապա 2017 թվականին ներմուծման և տեղական արտադրության ծավալները կազմել եմ  198 հազ տոննա: Այս շուկայում ,  ի թիվս «Ալեքս Հոլդինգ» և «Մոդուս Գրանում» ՍՊԸ-երի, առկա են ևս 58 ընկերություններ, որոնք գործունեություն են իրականացնում հիմնականում մարզերում:

Ավելի քան հինգ անգամ ավելացել են ցորենի և ալյուրի շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսվարողները

Եթե 2012 թվականին Հայաստան ցորենի ներմուծում է իրականացրել 22 տնտեսվարող, ապա 2017 թվականին ներմուծողների թիվը հասել է 85-ի: Ընդ որում, տնտեսվարողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ: Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է մաքսային ընթացակարգերի պարզեցմամբ և ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Ինչ վերաբերում է ալյուրի ներմուծողների թվի փոփոխությանը, ապա 2012 թվականին գործել են 23 տնտեսվարողներ, իսկ 2017 թվականին այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունների թիվը հասել է 133-ի: Ալյուրի դեպքում ևս, ներմուծողների թվի աճը հիմնականում արձանագրվել է 2015 թվականից ի վեր, երբ Հայաստանը անդամակցեց ԵԱՏՄ-ին:

Ցորենի և ալյուրի շուկաների փոփոխությունները դրական են անդրադարձել գնագոյացման վրա՝ որոշակիորեն հանգեցնելով գնի նվազման

Արդյունքում 2012 թվականից ի վեր ՀՀ-ում նկատվում է ալյուրի գնի նվազման ընդհանուր միտում: Մասնավորապես եթե 2012 թվականի վերջին և 2013 թվականի սկզբին ՀՀ-ում 1 կգ բարձրակարգ ալյուրի վաճառքի գինը կազմում էր շուրջ 268 դրամ, ապա 2017 թվականի վերջին նույն տեսակի ալյուրի վաճառքի գինը կազմել է 204 դրամ, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշի համեմատ  էժան է 24 տոկոսով: