Շաբաթ , Հունիսի 23 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Գլխավոր / Հայաստանի և Լիբանանի միջև ներդրումների փոխանակումն ակտիվ փուլում է. Սաադ Հարիրի

Հայաստանի և Լիբանանի միջև ներդրումների փոխանակումն ակտիվ փուլում է. Սաադ Հարիրի

libԼիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված պաշտոնական ընթրիքին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում նշել է.

«Լիբանանի Հանրապետության հարգարժան պարոն վարչապետ, հարգելի՛ ներկաներ,

Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել պարոն Հարիրիին Լիբանան պաշտոնական այցի՝ ինձ ուղղված հրավերի և ջերմ ընդունելության համար։

Բոլորիս է հայտնի, որ հայ-լիբանանյան կապերն ու հարաբերությունները միշտ եղել են յուրահատուկ, ինչը պայմանավորված է մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններով: Վստահաբար այստեղ իր առանցքային և գնահատելի դերն ունի լիբանանահայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ վարքով։

Անցած տարիների փորձը միայն հաստատում է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային ասպարեզներում հայ-լիբանանյան փոխգործակցության համահունչ լինելը: Մեզ միայն մնում է երկուստեք ապահովել դրա հետագա խորացմանը, մեր ընդհանուր արժեքների պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերի շարունակականությունը:

Ներկայումս մեզ անհրաժեշտ է առավել զարգացնել և ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը:

Լիահույս եմ, որ այս օրերին մեր կողմից քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն և նոր թափ ու որակ կհաղորդեն հայ և լիբանանցի ժողովուրդների բազմաբովանդակ փոխգործակցության խորացմանը:

Հետևելով վերջին տարիներին տարածաշրջանում և Լիբանանի անմիջական հարևանությամբ ծավալվող ողբերգական և ցավալի իրադարձություններին՝ ուզում եմ ընդգծել Հայաստանի՝ բարեկամ Լիբանանին սատար կանգնելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն ու հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները, կպահպանի երկրի հավասարակշիռ կեցվածքը և բնականոն զարգացումը:

Մեծարգո՛ պարոն վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի ժողովրդին` խաղաղություն, կայունություն և հետագա տնտեսական բարգավաճում:

Կեցցե՛ Լիբանանը և կեցցե՛ հայ-լիբանանյան բարեկամությունը»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին իր խոսքում ասել է. «Հարգարժան պարոն վարչապետ և հարգելի բարեկամներ,
Մեծ պատվով այս երեկո հյուրընկալում ենք մեր հարգարժան հյուրին` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա գլխավորած պատվիրակությանը:

Առաջին հերթին, շնորհավորում եմ այս ամսվա սկզբին Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրությունը:

Նախորդ տարում մենք նշել ենք անկախ Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու երկրների միջև մշակութային ու պատմական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն` Տիգրան Մեծի օրերից:

Ներկա փուլում Լիբանանն ու Հայաստանն ունեն հաջող հարաբերություններ տարբեր ոլորտներում, հատկապես՝ բիզնեսի: Կա նաև բուհերի միջև ակադեմիական փոխանակում, ինչպես նաև ծավալվում է երկկողմ աշխույժ գործակցություն մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ոլորտներում:

Լիբանանահությունը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման մեջ` հատկապես նկատի առնելով, որ նրանք համարվում են աշխույժ դերակատար թե′ լիբանանյան ազգային կյանքում, թե′ աշխատանքային, արտադրության, մշակութային, կրթական և արվեստի ոլորտներում:

Ակտիվ փուլում է գտնվում նաև երկու երկրների միջև ներդրումների փոխանակումը, որի վերջին արդյունքներից է լիբանանյան երկու բանկերի ներգրավվածությունը Հայաստանի ֆինանսական համակարգում:

Պարոն վարչապետ և բարեկամներ,

Երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը գտնվում էր նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ուշադրության կենտրոնում, և նա դարձավ լիբանանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով սկսած 1997 թվականից երեք անգամ այցելեց Հայաստան: Հույս ունեմ շարունակելու նրա առաքելությունը` միշտ մտքում ունենալով երկու ժողովուրդների շահերն ու բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն և մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեր այցելությունը Լիբանանի վարչապետարան:

Կեցցե՛ն Լիբանանի ու Հայաստանի բարեկամական հարաբերությունները, կեցցե՛ն Հայաստանն ու Լիբանանը»: