Շաբաթ , Փետրվարի 24 2018
Download http://bigtheme.net/joomla Free Templates Joomla! 3
Գլխավոր / Նորություններ / Աշխարհ / Ռուհանին Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

Ռուհանին Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում

syria-2Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցն ու ընդգծել Անկարայի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ռուհանին Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի ներկայացուցիչների՝ Սոչիում կայացած հանդիպումն անվանել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման կարևոր քայլ։ Նրա խոսքով՝ երեք երկրների կապերը զգալիորեն ազդել են տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա, սակայն առկա ճգնաժամերի կարգավորումը պահանջում է հետագա համագործակցություն և խորհրդակցություններ։

«Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը»,-նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չավուշօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հանդիպման ժամանակ նախարարները քննարկել են Սոչիում անցկացված սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները։

Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսն անցկացվել է Սոչիում հունվարի 30-ին, դրա գլխավոր արդյունքն է դարձել սահմանադրական հանձնաժողովի ստեղծումը, որը կաշխատի Ժնևում։ Բացի այդ, հանդիպման մասնակիցներն ընդունել են հայտարարություն՝ Սիրիայի ապագայի սկզբունքներով, որոնք նախատեսում են Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության հանդեպ հարգանք և բոլոր էթնիկ և կրոնական խմբերի իրավունքների ապահովում։

Ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքին մասնակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։